Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում ընդունվել է որոշում, որով սահմանվել է ժամանակավոր արգելք՝ Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման և ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման վրա։
Ըստ փաստաթղթի՝ դեռևս 2024 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ, 6 ամսով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, որոշ արտադրատեսակների, ինչպես նաև այդ մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը, որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործվելու պիտանելիությունը, հայտնում է Radar Armenia-ն։
Այժմ, նախորդ արգելքի ժամկետի ավարտից հետո, ընդունված նոր որոշմամբ սահմանվել է արտահանման նոր ժամանակավոր սահմանափակում՝ ուժի մեջ մտնելով 2026 թվականի փետրվարի 2-ից և գործելով մինչև նույն թվականի օգոստոսի 2-ը։
Կառավարության դիտարկմամբ՝ այս քայլը կօգնի կարգավորել մետաղների արտահանման գործընթացը, ապահովել տեղական շուկան մրցունակ մետաղական արտադրանքով և խթանել բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության զարգացումը։






