AM
30 Հոկտեմբեր 2025 - 09:30 AMT

Փաշինյան․ Թուրքիայի հետ սահմանի բացման որևէ էական խոչընդոտ չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ընդամենը ժամանակի հարց է։

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան շատ դրական երկխոսություն ունեն, և սահմանի բացման համար հիմա որևէ էական խոչընդոտ չկա, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա, բայց թե ինչքան արագ դա տեղի կունենա, արդեն այլ հարց ու այլ խնդիր է։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նա հավելել է՝ հավատում է, որ այդ պահը մոտենում է, բայց ստույգ ժամկետներ նշել չի կարող։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։