Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվում են փոփոխություններ, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Կառավարությունը հաստատել է համապատասխան նախագիծը։
Ըստ այդմ՝
· ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։
· շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում հնարավորություն կունենան ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք։ Տվյալ դեպքում ընտանիքի միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի այդ անձի վրա։
· միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը կսահմանվի 1 (ներկայում սահմանված 2-ի փոխարեն), եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։
2025 թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3240 ընտանիք, որից իրացվել է 1210-ը։
Հայաստանն Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլար վարկ կվերցնի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար։ Կառավարությունը հավանություն է տվել «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115,365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։






