Կառավարության նիստում սահմանվել են արտոնյալ կարգավորումներ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում ստացված աջակցությունների նկատմամբ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է առաջարկը՝ շեշտելով հարկային օրենսգրքում նախատեսվող լրացումների ու փոփոխությունների անհրաժեշտությունը։
Նախարարը պարզաբանել է, որ պետական ծրագրերով տրամադրվող աջակցությունների գումարները ներկայում ամբողջությամբ համարվում են շահութահարկի ենթակա եկամուտ, ինչը հանգեցնում է հարկային պարտավորությունների առաջացման, հայտնում է Panorama.am-ը։
«Կարծում ենք, որ այս մոտեցումն արդարացված չէ հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ շահութահարկ վճարողների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրավունքից ստացվող եկամուտներն ազատված են շահութահարկով հարկումից»,- նշել է նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ նախագծով առաջարկվում է, անկախ գործունեության իրականացման ոլորտից, սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով կառավարությունից ստացված գումարները եկամուտ են համարվում այդ գումարով ստեղծված ակտիվների ծախսագրմանը համամասնորեն, որպեսզի այդ աջակցության գումարների մասով շահութահարկի պարտավորություններ չառաջանան։
Հովհաննիսյանի խոսքով՝ որոշման կիրառումը տարածվելու է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, քանի որ խնդիրը նկատվել է հատկապես 2024-ից սկսած:






