AM
30 Հոկտեմբեր 2025 - 10:58 AMT

Եվրահանձնաժողովը 5 մլն եվրո կտրամադրի ԱԷԿ-ի վթարային ռիսկերի նվազեցման համար

Եվրահանձնաժողովը Հայաստանին կտրամադրի 5 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն՝ երկրի միջուկային անվտանգության համակարգի և ճառագայթային պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակով։ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել է, որ այս համաձայնագիրը 2024 թ. ընդունված մեկ այլ փաստաթղթի շարունակությունն է, որով արդեն ՀՀ–ին հատկացվել է 12.9 մլն եվրո, որով դիզելային գեներատորներ են ձեռք բերվել։

Ֆինանսական աջակցությունը նախատեսված է լուծելու հետևյալ հիմնախնդիրները՝ Հայաստանի սթրես-թեստի արդյունքում մշակված միջոցառումների ազգային պլանում ներառված և դեռևս չիրականացված միջոցառումների համար լրացուցիչ աջակցության տրամադրումը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) միջուկային անվտանգության բարձրացման նպատակով՝ հաշվի առնելով Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո քաղած դասերը (ներառյալ՝ վթարների դեպքում ջրածնի առաջացմամբ կապված վտանգները)։

Նաև նախատեսվում է աջակցության տրամադրում միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին և Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնին։

Կոմիտեի և կենտրոնի կարողությունների բարձրացումը հնարավորություն կտա՝ դիտարկել ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված «Անվտանգության պարբերական հաշվետվությունը», գնահատել ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի համապատասխանությունը անվտանգության գործող կանոնների և նորմերի պահանջներին, գնահատել ՀԱԷԿ-ի սթրես-թեստի ազգային պլանում և անվտանգության բարձրացման ծրագրում ներառված միջոցառումների իրականացումը, հասնել միջուկային անվտանգության մշակույթի, միջուկային անվտանգության ու ճառագայթային պաշտպանության չափանիշների արդյունավետ իրականացմանը։

2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։

Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։