AM
30 Հոկտեմբեր 2025 - 11:53 AMT

Նախարարը՝ կենսաթոշակների բարձրացման մասին․ Այս պահին ավելին հնարավոր չէ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է, որ Հայաստանում այս փուլում կենսաթոշակների բարձրացում հնարավոր չէ՝ հաշվի առնելով երկրի ֆիսկալ հնարավորությունները, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարը հիշեցրել է հոկտեմբերի 29-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արած հայտարարությունը` կապված կենսաթոշակների բարձրացման հետ և ընդգծել որ արդեն երկու օր է` այն շահարկվում է։ Նախարարը նշել էր, որ եթե կենսաթոշակները բարձրացնեն այնքան, որ ֆիսկալ անկայունություն առաջանա երկրում և բյուջետային, հարկաբյուջետային խնդիրներ լինեն, ապա ոչ միայն կենսաթոշակառուները, այլև բոլորը վատ կապրեն։

«Մանիպուլացվում է հակառակ կերպ։ Իբրև թե, եթե կենսաթոշակները բարձրացվեն, ապա կենսաթոշակառուները վատ կապրեն։ Ամենևին դրա մասին չէր խոսքը, այլ այն մասին, որ մեր ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս բարձրացնել այսքան ու այս եղանակով (նկատի ունի կենսաթոշակներից ստացվող հետվճարները – խմբ․)։ Կարծում ենք, որ այս պահի դրությամբ ավելին հնարավոր չէ, ու սա նաև գործիք է, որը խթանելու է հավելյալ հարկերի հավաքագրմանը»,- նշել է Թորոսյանը։

Նախարարը ընդգծել է, որ ներկա պահին մոտ 350,000 թոշակառու մասնակցում է անկանխիկ վճարման դեպքում կիրառվող հետվճարի ծրագրին, իսկ հաջորդ տարվա վերջին մասնակիցների թիվը կաճի մինչև 410,000-420,000։ Նա հավելել է, որ միջին հետվճարը կլինի 3000-4000 դրամով բարձր՝ համեմատած ներկայիս չափի հետ։ Այս փոփոխությամբ, ըստ նախարարի, թոշակները կհասցվեն սպառողական զամբյուղի գրեթե 90 տոկոսին՝ չնայած, որ դեռևս չեն կարող ամբողջությամբ այն ծածկել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվում է մոտ 993 միլիարդ 17 միլիոն դրամի ֆինանսավորում։