AM
30 Հոկտեմբեր 2025 - 14:00 AMT

70 դրամով կսուբսիդավորվի խաղողի «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերման յուրաքանչյուր կիլոգարմը

Կառավարության նիստում որոշվել է սուբսիդավորել Վայոց ձորի մարզում 2025 թվականին աճեցրած «Արենի» և «Ոսկեհատ» խաղողի սորտերի մթերումներն իրականացնող տնտեսվարողներին՝ սպառման շուկայի կրճատման պատճառով ստեղծված խնդիրները մեղմելու նպատակով։

Մասնավորապես՝ 2025 թվականին մթերված առնվազն 700 կգ և ավելի «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի նվազագույնը 220 դրամ գնով մթերված խաղողի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց տրամադրվելու է 70 դրամ պետական աջակցություն։

Ինչպես գործադիրի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ինչպես միջազգային շուկաներում, այնպես էլ Հայաստանում նկատվում է գինու սպառման նվազում, որի արդյունքում նախորդ տարվա արտադրանքը չի իրացվել ամբողջությամբ։ Այս հանգամանքը բերել է խաղողի մթերման ծավալների կրճատման՝ հատկապես «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի դեպքում, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ վերամշակող ընկերությունները այս տարի քիչ են շահագրգռված իրականացնել այս սորտերի մթերումներ, քանի որ նախընտրում են օգտագործել սեփական խաղողի այգիներից ստացված հումքը։ Ըստ գնահատման՝ մարզում այս երկու սորտերի խաղողի համախառն բերքը կազմել է մոտ 5500 տոննա, սակայն մթերվել է միայն 3400 տոննա։ Այսինքն՝ մոտ 2100 տոննա խաղող սպառման խնդիր ունի։

Այս միջոցով նախատեսվում է խթանել մթերումները, մեղմել գնի անկման հետևանքները և թույլ չտալ բերքի կորուստ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, և այդ հարցով պետք է ավելի պարբերաբար զբաղվենք: Մենք պարբերաբար այս խնդիրները քննարկում ենք այն ժամանակ, երբ բերքն է հասնում, բերքահավաք է և հավաքած բերքից մարդիկ չգիտեն, թե ինչ անել, մենք էլ ստիպված սուբսիդավորում ենք: Եթե ավելի պարբերաբար զբաղվենք, կարծում եմ, ավելի համակարգված օժանդակության ծրագրեր կգեներացնենք, որոնք հնարավորություն կտան, որ այդ բիզնեսն աշխատի, ոչ թե ամեն ցիկլում օժանդակության հաշվին գոյատևի»: