AM
30 Հոկտեմբեր 2025 - 14:06 AMT

Թորոսյան․ Այնպիսի վստահություն ենք վայելում ժողովրդի շրջանում, որ հաղթելու ենք 2026-ի ընտրություններում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը, խոսելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին, ասել է, որ այնպիսի վստահություն են վայելում ժողովրդի շրջանում, որ հաղթելու են։

«Մենք մեր կատարած աշխատանքով, մեր ծրագրով և իրական Հայաստանի խաղաղության տեսլականով այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ մենք հաղթելու ենք ընտրություններում»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Անդրադառնալով նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի համայնքային ընտրություններին՝ Թորոսյանն ընդգծել է, որ իշխող ուժի մրցակիցները, թե՛ գաղափարական, թե՛ դիրքավորման առումով, որևէ կերպ չեն տարբերվում խորհրդարանական ընդդիմադիր ուժերից։

«Վստահ եմ՝ Վաղարշապատի ժողովուրդը կրկին ճիշտ ընտրություն է կատարելու, նաև մեր թեկնածուի անձով պայմանավորված՝ մենք հաղթելու ենք Վաղարշապատի ընտրությունները»,- ասել է Թորոսյանը։

Նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նախատեսվում են ավագանու ընտրություններ, որին հայտ են ներկայացրել 11 քաղաքական ուժ։ Դրանք են՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Համահայկական ճակատ» կուսակցությունը։