Երևանի տրանսպորտային համակարգի բարելավման շրջանակում 2026-ին նախատեսվում է սկսել Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Այդ մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ։
«Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար կտրամադրվի 7 միլիարդ դրամ։ 2026 թվականին կավարտվի հողերի օտարման գործընթացը, և կմեկնարկեն ճանապարհի շինարարական աշխատանքները»,– նշել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը։
Խուդաթյանն ավելացրել է, որ նույն տարում նախատեսվում է նաև Բուսաբանական այգու տարածքում ստեղծել անտառ-պուրակ, որի կառուցման համար պետբյուջեում հատկացվել է 901.5 միլիոն դրամ։
ՀՀ կառավարությունը դեռևս 2025 թվականի հունիսին հաստատել է Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաները կապող ճանապարհի կառուցման նախագիծը։ Վարչական որոշման հիմնավորման համաձայն՝ նոր ճանապարհը կապահովի ուղիղ երթուղային կապ Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների միջև՝ զգալիորեն նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանն ու երթևեկության արդյունավետության բարձրացմանը։






