ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին և կոչ անելով «չփորձել խեղաթյուրել փաստերը՝ ՀԷՑ-ում իրերի իրական դրվածքի վերաբերյալ»։
«ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահին հորդորում եմ՝ ընդառաջ ՀԾԿՀ կողմից հարուցված վարչական վարույթի ավարտին և արդյունքների ամփոփմանը, դադարեցնել մեր հանրության աչքերին թոզ փչելու և ակնհայտ փաստերն աղավաղելու, մանիպուլացնելու անփառունակ փորձերը։
Նախորդիվ հրապարակային մի շարք հաղորդագրություններով ինքս մեր հանրությանն եմ ներկայացրել եւ փաստարկել, թե ինչպես են ՀԷՑ-ի նախկին կառավարիչները (գործադիր ղեկավարները) «մեքենայությունների» միջոցով արհեստականորեն նվազեցրել էլ.էներգիայի՝ բաշխիչ ցանցում առկա իրական կորուստների ցուցանիշները՝ դրանք փորձելով «տեղավորել» ՀԾԿՀ կողմից հաստատված առավելագույն շեմի պահանջների մեջ (2025թ. համար՝ 7%):
Եվ միայն մեր կողմից իրականացված բացահայտումների շնորհիվ են ՀԷՑ-ում սկսվել արձանագրվել կորուստների շեշտակի աճ՝ որպես բաշխիչ ցանցում առկա իրական տեխնիկական վատթար վիճակի արդյունք, առավելագույնս մոտ իրական ցուցանիշներին։
Այդ փաստերի հիմամբ քննչական մարմիններում արդեն իսկ նախաձեռնված են մի շարք քրեական վարույթներ. այժմ իրականացվում է նախաքննություն։
Ըստ այդմ, նորահայտ քաղաքական գործիչ Ն.Կարապետյանին կոչ եմ անում՝ այլեւս չփորձել խեղաթյուրել ակնհայտ ապացուցված փաստերը՝ ՀԷՑ-ում իրերի իրական դրվածքի վերաբերյալ, հուսալով այդ կերպ թյուրըմբռնումների մեջ գցելու մեր հանրությանը ճիշտ այնպես, ինչպես դա արվել է տեւական ժամանակ էլ.էներգիայի բաշխման ոլորտում՝ մեր հազարավոր բարեխիղճ սպառողների եւ ինքնավար էլեկտրաարտադրողների պարագայում։
Աճպարարությունների ժամանակներն անվերադարձ անցել են թե՛ ՀԷՑ-ում, մասնավորապես, եւ թե՛ մեր հանրային կյանքում՝ ընդհանրապես. այդ ձեւաչափի փորձերն այլեւս կարող եք կիրարկել բացառապես ձեր իսկ տնօրինման տակ գտնվող՝ նորաբաց «Տաշիր Արենայում», ինչի վերաբացման առիթով շնորհավորում եմ…
Որպես ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի շրջանակում նշանակված՝ «ՀԷՑ» ՓԲԸ Ժամանակավոր կառավարիչ, լիազորություններիս ստանձնման առաջին իսկ օրը հնչեցրածս հրապարակային հրավերը մնում է ուժի մեջ՝ որպես ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Ձեր նախընտրելի ձեւաչափով, Ձեր նախընտրելի վայրում, Ձեր նախընտրելի կազմով աշխատանքային հանդիպում իրականացնելու շուրջ, որտեղ կարող ենք քննարկել այս եւ այլ բազմաթիվ էական փաստեր, որոնք անխուսափելիորեն անդրադառնալու են ՀԷՑ-ի հետագա ճակատագրին»,–գրել է նա։
«Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մինչև ՀԷՑ–ի շուրջ սկսված աղմուկը ՀԾԿՀ–ն մերժել է հոսանքի գինն իջեցնելու իրենց առաջարկը։ Նա նշել էր, որ հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), հոսանքի գինն իջեցնելու առաջարկով ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։
Հոկտեմբերի 31–ին «Տաշիր կապիտալի» անունից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով նոր դիմում է մուտաքգրվել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման համար։






