Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ներկայացրել է երկրաշարժի և ջրհեղեղի հետևանքով տուժած համայնքներում իրականացվող ծրագրերը։
Մարզպետն ընդգծել է, որ հեղեղումից հետո մի քանի խոշոր ծրագիր ընթացքի մեջ է՝ մասնավորապես Ալավերդիում, հայտնում է 1lurer.am-ը։
«Դա էլ ավարտելուց և բակերի վերականգնված ծրագիրն իրականացնելուց հետո կարող ենք ասել, որ աղետի հետևանքները իսպառ վերացել են»,- եզրափակել է Արեն Մկրտչյանը։
Ալավերդիում իրականացված աշխատանքներից մարզպետն առանձնացրել է Դեբեդ գետի հունի մաքրման ծրագիրը, որը, ըստ նրա, ավարտվել է ամբողջ ծավալով՝ իրականացվելով երկու փուլով, Ձորագեսից մինչև Շնողի հատվածում։
«Առաջին մասի պատվիրատուն եղել է Լոռու մարզպետի աշխատակազմը՝ մոտ 150 միլիոն դրամ է ծախսվել այդ ուղղությամբ, տասնյակ միավոր տեխնիկա Դեբեդի հունը մաքրել են, ինչը հնարավորություն է տալիս գետի մակարդակը որոշակի իջեցնել ու նվազեցնել այս մասով ռիսկերը»,- տեղեկացրել է Մկրտչյանը՝ հավելելով, որ նման ծավալի աշխատանքներ անգամ խորհրդային տարիներին չեն իրականացվել։
Նա նաև հայտնել է, որ մարզպետարանն ընդունվել է 205 դիմում անհատական տների կամ բնակարանների փոխհատուցման վերաբերյալ, որոնց շրջանակում հատկացվել է 802 միլիոն դրամ, այդ թվում՝ 609 միլիոնը՝ վերանորոգման նպատակով։
«Դա չորս փուլով է իրականացվել։ Աշխատանքները մեծ մասամբ ավարտված են, այսինքն՝ այն տները, որոնք հեղեղվել էին ջրհեղեղի ժամանակ, հիմա վստահաբար կարող եմ ասել, որ շատ ավելի լավ վիճակում են գտնվում, քան մինչև ջրհեղեղը, քանի որ դրանք մեծ մասամբ խորհրդային տարիների վերանորոգմամբ տներ կամ բնակարաններ էին։ Եվս 175 միլիոն դրամ հատկացվել է առաջնային անհրաժեշտության գույքի, այսինքն՝ այդ տների կահավորման ձեռքբերման նպատակով։ Շարժական գույքի՝ ավտոմեքենաների մասով, մարզպետի աշխատակազմը ստացել է 166 դիմում, հաստատված են 166-ը, և ունենք 101 միլիոն դրամ փոխհատուցում այս մասով»,- նշել է Լոռու մարզպետը։
Խոսելով ենթակառուցվածքային խնդիրների մասին՝ Մկրտչյանը շեշտել է, որ բոլոր քանդված կամուրջներն արդեն վերականգնվել են։ Մասնավորապես՝ Սանահին կայարան թաղամասում և Ախթալայում կառուցվել են նոր ավտոմոբիլային կամուրջներ։ Բացի այդ, Թումանյան փողոցի հատվածում այժմ իրականացվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ՝ մոտ մեկ կիլոմետրանոց երկաթբետոնե հենապատի կառուցման ուղղությամբ, որի նախահաշիվը կազմում է 850 միլիոն դրամ։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետբյուջեից։
Մարզպետը նշել է, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով նախատեսված է լուծել 15 ընտանիքի խնդիրը, որի համար կտրամադրվի 107 միլիոն 754 հազար դրամ,
«2025-ին այս թիվը 55 միլիոն դրամ է եղել»,- հայտնել է մարզպետը։
Նա նաև նշել է, որ հաջորդ տարում համայնքներին տրվող դոտացիաները զգալիորեն ավելանալու են։
«2025 թվականին 11 միլիարդ 270 միլիոն դրամի փոխարեն 2026-ին նախատեսված է 12 միլիարդ 759 միլիոն դրամ։ Մարզի 11 համայնքներում ունենք դոտացիաների ավելացում, բացառություն են չխոշորացված երկու համայնքները՝ Ֆիոլետովոն և Լերմոնտովոն, որի մասով առանձին լուծում կա օրենսդրական կարգավորմամբ»,- ասել է Մկրտչյանը։






