2026 թվականի պետական բյուջեով Շրջակա միջավայրի նախարարությաննհատկացվող գումարը կազմել է 15 միլիարդ 358 միլիոն դրամ, ինչը 812 միլիոնով ավելի է 2025 թվականի ցուցանիշից։ Այդ մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։
«Մենք հիմա COP-17 համաժողովի համար նախատեսել ենք 1 մլրդ դրամ, բայց այստեղ շատ ավելի մեծ գումար պետք է հատկացվի, այդ գումարը գտնվում է պահուստային ֆոնդում և տարվա ընթացքում այդ հատկացումները կիրականացնենք, երբ բոլոր մանրամասները մեզ համար պարզ կլինեն»,- ասել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը։
«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) նախատեսված է անցկացնել Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներկայում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները։ Ըստ նախագծի՝ հաջորդ տարվա համար Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ։






