Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե Տավուշում ինչ տարածքների մասին են խոսում թիմակիցները, երբ ասում են, որ ՀՀ ԶՈւ–ն ադրբեջանական տարածքներ է վերահսկում, ասել է, թե այս հարցում որևէ գաղտնիք չկա։
Ըստ նրա՝ այդպիսի տարածքներ կան Ոսկեպարի և Բերքաբերի հատվածում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Դա լրիվ պարզ երևում է, լավ գիտեք, որ Ոսկեպարի հատվածում, Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»,– ավելացրեց Հայկ Ղալումյանը։
Իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան։
Օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում»։






