Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական հողատարածքներում տեղակայված շենքերն ու շինությունները ապամոնտաժելու համար պարտադիր կլինի ստանալ Պետական գույքի կառավարման կոմիտեի համաձայնությունը։ Այս դրույթն ամրագրված է օրենսդրական նախագծում, որը հոկտեմբերի 31-ին ներկայացվել է հանրային քննարկման, հայտնում է Factor.am-ը։
«Շենքերը և/կամ շինությունները փաստացի ամրացված են լինում կոմիտեին և կոմիտեն պատասխանատվություն է կրում դրանց արդյունավետ կառավարման համար, կամ ամրացված չեն լինում Կոմիտեին, սակայն Կոմիտեն որպես լիազոր մարմին ևս պատասխանատվություն է կրում նշված պետական գույքի արդյունավետ կառավարման համակարգման համար։
Առկա չէ որևէ կարգավորում, որի ուժով կոմիտեն օժտված է դրանք քանդելու համաձայնություն տրամադրելու լիազորությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ օժտված լինելով պետական գույքի կառավարման քաղաքականության մշակման ու իրականացման և դրա շրջանակում պետական գույքի շրջանառության ու պետական շենքերի և շինությունների արդյունավետ օգտագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությամբ՝ գործող իրավակարգավորումներով փաստացի զրկված է պետական շենքները և շինություններն արդյունավետ օգտագործելու շրջանակում դրանք քանդելու համաձայնության մասին որոշումներ ընդունելու հնարավորությունից, ինչը պետական գույքի արդյունավետ օգտագործման առումով ևս խնդրահարույց է և պրակտիկայում պետական գույքի արդյունավետ օգտագործման տեսանկյունից առաջացնում է տեխնիկական և իրավական խնդիրներ»,-նշվում է հիմնավորման մեջ:
Նախագծի հիմնավորման մեջ շեշտվում է, որ գործող իրավական ակտում առաջարկվող լրացումներով կառուցապատողների կողմից պետական շենքերի կամ շինությունների քանդման ժամանակ կվերանան ներկայումս գոյություն ունեցող տեխնիկական և իրավական խնդիրները։
Ակնկալվում է, որ կբարձրանա թե՛ Կոմիտեի կողմից պետական գույքի արդյունավետ կառավարման, թե՛ կառավարության կողմից դրա նպատակային օգտագործման մակարդակը։






