AM
31 Հոկտեմբեր 2025 - 14:32 AMT

ՀԾԿՀ․ Հոսանքի գինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ չի ներկայացվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ–ն, արձագանքել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով նվազեցնել։ Հանձնաժողովը շեշտել է, որ նման առաջարկ իրենց երբևէ չի ներկայացվել։

«Ինչպես արդեն նշել ենք 2025 թվականի հունիս ամսվա ՀԷՑ-ի առաջարկը ընդամենը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն և զուգահեռաբար կատարված ներդրումները փոխհատուցելուն, ինչը բոլոր սպառողների սակագնի վրա ազդում է ընդամենը 0.2 դրամով։

Ինչպես 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամի, այնպես էլ Նարեկ Կարապետյանի նշած՝ այս պահին 6 մլրդ դրամի լրացուցիչ օգուտը որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ։ Այս տարվա լրացուցիչ օգուտները կամ նախորդ տարիների վնասները ձևավորվել են բացառապես էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի պլանավորված և փաստացի մեծությունների տարբերության արդյունքում, որի հետ ՀԷՑ-ը որևէ առնչություն չունի։ Նմանատիպ տարբերությունները առաջանում են յուրաքանչյուր տարի և հաշվի են առնչվում հաջորդ տարվա սակագների հաշվարկներում։

Նախորդ տարիներին ՀԷՑ-ի կողմից պարբերաբար ՀԾԿՀ են ներկայացվել առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում սպառողների համար սակագները կբարձրանային։ Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին ՀԷՑ-ն առաջարկել էր մաքուր շահույթի նորման ավելացնել 2%-ով, որը չի ընդունվել է ՀԾԿՀ-ի կողմից։ Եթե առաջարկն ընդունվեր, ապա բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կավելանար մոտ 1.5 դրամով, իսկ միայն բնակչության համար սակագնի փոփոխության դեպքում՝ շուրջ 3 դրամով։

Սպառողների համար սակագների փոփոխությունը չի կարող իրականացվել միայն Նարեկ Կարապետյանի նշած լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով, այլ կան բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններ։ Այս գործոնների գնահատման համար ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի՝ սեպտեմբերի 15-ից ՀԾԿՀ-ն արդեն իսկ սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի սպառողի համար սակագնի փոփոխություն տեղի կունենա, թե ոչ։

Եթե ՀԷՑ-ը ունենար սակագինը իջեցնելու ցանկություն, ապա ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել էլեկտրաէներգիայի գները՝ իր շահույթի հաշվին»,-ասվում է հաղորդագրությունում։

Նարեկ Կարապետյանը գրել է․ «Եկեք ներկայացնեմ, թե ինչպես լույսի սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամ 1 կվտ-ի համար (հիշենք, որ սա առաջարկել ենք մինչև քաղաքական պրոցեսներում հայտնվելը): 2024թ-ին ունեցել ենք էլ էներգիայի մուտք մոտ 5մլրդ կվտ, որից` բնակչության գծով մուտքը` 2.130 մլրդ կվտ:

Չնայած Քպ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին կա 6 մլրդ դրամի ավելացած գումար ՀէՑ–ում: Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված սակագինը, և էլ.էներգիայի սակագինը իջնում է մոտ 3 դրամով 1 կվտ ի համար: