AM
1 Նոյեմբեր 2025 - 09:52 AMT

ՄԱԿ-ը կաջակցի ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը

Հոկտեմբերի 31-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ քննարկել է աշխատանքային, ժողովրդագրական, զբաղվածության և սոցիալական աջակցության ոլորտներում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ նախաձեռնությունները։

Ժակոբն կարևորել է նախարարության հետ արդյունավետ համատեղ աշխատանքը և վերահաստատել է ՄԱԿ-ի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը ՀՀ սոցիալական ոլորտի զարգացման գործընթացներին։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գործակալությունները ներկայումս ակտիվորեն ներգրավված են Հայաստանի ծրագրերում՝ նպատակ ունենալով զգալի ներդրում ունենալ ոլորտի առաջընթացում։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գործակալությունների մասնակցությունը սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը։ Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված վստահելի ու արդյունավետ համագործակցությունը հիմք է տալիս ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դիտարկել նաև երկարաժամկետ հեռանկարի մեջ։

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև խնամքի տնտեսության ռազմավարության մշակման հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ մասնակցությունը սպասվող Համաշխարհային սոցիալական գագաթնաժողովին։ Երկուստեք ընդգծվել է փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։