AM
1 Նոյեմբեր 2025 - 11:43 AMT

Պապոյան․ Գործարան սարքելու ու աշխատեցնելու համար պետք է դպրոց ու համալսարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Պետությունը պետք է դպրոց, ու ճանապարհ կառուցելու փոխարեն գործարան սարքի» արտահայտությանը՝ այն անվանելով ծիծաղելի ու «փառահեղ»։ Նախարարը նշել է, որ գործարան սարքելու ու աշխատեցնելու համար պետք է դպրոց ու համալսարան:

«Այժմ թվերով ու փաստերիվ ցույց տամ, թե ինչպես են գործող Կառավարության աջակցությամբ հազարավոր, այո, այո, չզարմանաք հազարավոր փոքր, միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ զարգացրել իրենց արտադրական կարողությունները՝ 60-70-80-90- ականների իրենց բարոյապես ու ֆիզիկապես մաշված հաստոցները, մեքենա-սարքավորումները և այլ տեխնոլոգիաները փոխարինելով նոր ու ամենաժամանակակից գերմանական, ճապոնական, ամերիկյան և այլ երկրների սարքավորումներով։

Ի դեպ, Կառավարության այս և մյուս ծրագրերից ամենաշատն օգտվող կազմակերպությունների առաջամարտիկներն են «Պետությունը պետք է դպրոց, ու ճանապարհ կառուցելու փոխարեն գործարան սարքի» մտքի հեղինակի ընտանիքին պատկանողները։ Վերջիններս հատկապեսգպարտաճանաչ են սուբսիդավորման գումարները ստանալու օրերին։ Բայց դրան առանձին գրառմամբ կանդրադառնամ։

Այսպես, Կառավարությունը ունի երեք ծրագիր, որոնք միտված են արտադրական ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը, մասնավորապես բիզնեսը վարկով կամ լիզինգով գնում է սարքավորումներ, իսկ պետությունը ամբողջությամբ կամ մեծ մասով վճարում է այդ վարկի կամ լիզինգի տոկոսները։ Որպեսզի պատկերացնենք, թե դա որքան մեծ աջակցություն է, ապա մի պահ ամեն մեկս կարող ենք հիշել, թե որքա՞ն վարկ ենք վերցրել և, ի վերջո, որքա՞ն ենք մարել բանկին՝ տոկոսներն էլ հետը միասին։

Կառավարության աջակցության այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 6805, որոնք ձեռք են բերել 503․8 մլրդ դրամ արժեքով 21,430 սարքավորում, իսկ պետության փոխհատուցած գումարը կազմել է 60,․5 մլրդ դրամ։ Այսպիսով, եթե այսօրվա փոխարժեքով նայենք, ապա այս ծրագրի արդյունքում մեր տնտեսության մեջ է ներդրվել 1 մլրդ 316 մլն դոլարի նոր սարքավորումներ։

Իսկ ինչո՞ւ է սա կարևոր։ Սա կարևոր է, քանի որ առանց ժամանակակից սարքավորման հնարավոր չէ ստանալ բարձր որակի ու ծախսարդյունավետ ու մրցունակ արտադրանք, հետևաբար հնարավոր չէ մրցունակ լինել արտաքին շուկաներում, հետևաբար հնարավոր չէ մեծացնել արտահանումը, իսկ առանց արտահանման էլ հնարավոր չէ ունենալ զարգացած տնտեսություն, աշխատատեղեր, հատկապես բարձր վարձատրվող և, ի վերջո, չի կառուցվի գործարան»,–ասվում է գրառման մեջ։

Նախարարը հավելել է, որ եթե արտադրողականությունը 2017թ-ին կազմում էր ընդամենը 5․2$ դոլար մարդ ժամ, ապա 2024թ-ին այն արդեն գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 10․3 դոլար մարդ ժամի։

«Ու մի բան էլ, գործարան սարքելու, աշխատեցնելու ու այնտեղ ապրանք արտադրելու համար պետք է դպրոց ու համալսարան, գործարանի արտադրանքը արտահանելու համար էլ՝ ճանապարհ»,–գրել է նա։

Այս գրառմամբ Պապոյանը արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե պետությունը պետք է կենտրոնանա ոչ թե դպրոց ու ճանապարհ կառուցելու, այլ գործարաններ հիմնելու վրա։