Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանըհայտարարել է, որ Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների ճակատագիրը դատական ակտի հրապարակումից հետո կախված է ոչ այնքան իրավական, որքան քաղաքական ու դիվանագիտական լուծումներից, հայտնում է Sputnik Արմենիան։
Հոկտեմբերի 31-ին Բաքվի դատարանում ավարտվել են Արցախի ղեկավարների (բացառությամբ Ռուբեն Վարդանյանի) և մի քանի գերիների մասնակցությամբ ընթացած «դատական լսումները», իսկ նոյեմբերի 3-ին դատախազները ներկայացնելու են մեղադրական եզրակացությունները։
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս պրոցեսը քաղաքական է, և եթե անգամ դատարանները դատական ակտեր են կայացնում, ապա դրանք կրկին քաղաքական լուծումներ են. դատարաններն ընդամենը միջոցներ են, գործիք են. նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ դատարաններին քաղաքական գործիքակազմ դարձնելն է»,– ընդգծել է Սահակյանը։
Իրավապաշտպանի կարծիքով, եթե խաղաղության գործընթացին զուգահեռ ներգրավվեն միջազգային գործընկերներ և հնարավոր դառնա քաղաքական ուղիով հասնել գերիների ազատ արձակմանը, ապա ադրբեջանական դատական որոշումները չեն կարող լինել խոչընդոտ։
Ըստ Սահակյանի՝ Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ստեղծել արհեստական իրավական հիմքեր՝ գերիներին ազատությունից զրկելու և նրանց ճակատագիրը սեփական հայեցողությամբ որոշելու համար։
Նա հիշեցրել է նաև նախորդ ռազմագերիների դեպքերը, երբ նրանք դատապարտվել էին տարբեր ժամկետներով, սակայն հնարավոր էր դարձել նրանց վերադարձը քաղաքական պայմանավորվածությունների և փոխադարձ զիջումների շնորհիվ։
«Այս դեպքում, ինչպես տեսնում ենք, ադրբեջանական դատական ակտերը խոչընդոտ չեն հանդիսացել և առանց պատժի կրման` հանձնման ինստիտուտի կիրառմամբ, հայ ռազմագերիները վերադարձվել են Հայաստան։ Նույն կերպ ադրբեջանցի հանցագործներն ուղարկվել են Ադրբեջան։ Երկու երկրներում էլ հայրենադարձվածները պատիժներ չեն կրել։ Սա նշանակում է, որ քաղաքական լուծումներն են դեր խաղացել»,– նշել է իրավապաշտպանը։
Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ, երբ հարցը դիտարկվում է իրավական տեսանկյունից, արձանագրվում են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ բազմակողմ միջազգային համաձայնագրերի խախտումներ, որոնց կողմ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։
Սահակյանի կարծիքով՝ Հայաստանի առաջնային խնդիրն է դառնալու այն, որ Բաքվի դատարանի սպասվող որոշումները չեզոքացվեն միջազգային հարթակներում։
«Ի սկզբանե որևէ կերպ հնարավոր չէր կանխել այս դատավարությունները, քանի որ ազգությամբ հայ անձինք ակամա հայտնվել էին ադրբեջանական սուվերենության ներքո, և հասկանալի էր, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց մտադրությունները մինչև վերջ ավարտին էին հասցնելու։ Այս պարագայում իրավական լավագույն լուծումը կարող է լինել այն, որ միջազգային դատարանները, օրինակ, արձանագրեն, որ Բաքվի այս դատավարություններում չեն պահպանվել արդար դատաքննության նվազագույն չափանիշները, ուստի դրանց արդյունքում կայացված դատական ակտերը լեգիտիմ չեն»,– ընդգծել է Սահակյանը։
Իրավապաշտպանը կարևոր է համարում նաև դիվանագիտական և միջազգային դատական արձանագրությունները, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ են ապօրինի դատավճիռների իրավաքաղաքական ազդեցությունը վերացնելու համար։
Նա հավելել է, որ հնարավոր է հայ–ադրբեջանական բանակցային ձևաչափում քննարկման առարկա դառնա Բաքվում դատապարտվածների արտահանձնման հարցը՝ պատժի հետագա կրումը Հայաստանում կազմակերպելու նպատակով, սակայն սա լավագույն տարբերակը չի համարվում։
«Սա անընդունելի է ու վատ նախադեպ կարող է դառնալ։ Ես կարող եմ միայն նշել, որ նախկին հայրենադարձվածների մասով մենք նման նախադեպ չունենք, այսինքն՝ բոլորը ազատ են արձակվել և պատժի կրման նպատակով հանձնման ինստիտուտը հայ–ադրբեջանական հարաբերություններում չի աշխատել»,– ընդգծել է Սահակյանը։
Նա համոզված է, որ նոյեմբերի 3-ին կայանալիք «դատական նիստի» ժամանակ Ադրբեջանի դատախազները փորձելու են պահանջել առավելագույն պատիժներ գերիների համար։ Այս հանգամանքը, ըստ նրա, վկայում է նաև այն մասին, որ դատավարության փուլերը շատ արագ են ընթացել՝ առանց անհրաժեշտ ժամանակ տրամադրելու իրական պատրաստություններին։
«Սա վկայում է այն մասին, որ անգամ մեղադրական ճառերը նախապատրաստվել են շատ ավելի վաղ, և դատարանում տեղի ունեցած այդ ցուցադրական պրոցեսները, նշանակված վկաների կամ տուժողների հարցաքննությունները որևէ իրական ազդեցություն չունեն մեղադրական ճառերի նախապատրաստման վրա։ Կարծում եմ` ի սկզբանե հատուկ ծառայություններում գրված և Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից հաստատված քաղաքական ելույթներ են լինելու, որոնք էլ իրենց ամրագրումն են ստանալու դատական ակտերում»,– հայտարարել է Սահակյանը։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը», որի շրջանակում մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, արտաքին գործերի նախկին ղեկավար Դավիթ Բաբայանը և այլ նախկին պաշտոնյաներ։
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։






