ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը տեղեկացրել է, որ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։
Նա հայտնել է, որ իր բոլոր լիազորությունները փոխանցում է փաստաբան Լևոն Բաղդասարյանին:
«Այս պահից սկսած՝ հայտարարում եմ, որ բոլոր, անխըտիր բոլոր հարցերով իմ լիազորությունները փոխանցում եմ փաստաբան Լևոն Բաղդասարյանին, տալով նրան բացառիկ իրավունքներ ներկայացնելու իմ և մեր կուսակցության շահերն անխըտիր բոլոր հարթակներում։ Ի գիտություն ԴՕԿ կուսակցության ղեկավարության, անդամների, նվիրյալների և ընտրողների՝ ես լիակատար վստահություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին, ով այսուհետ նաև զբաղեցնելու է նախընտրական շտաբի պետի պաշտոնը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նա հիշեցրել է, որ վերջերս հանդես է եկել նախաձեռնությամբ՝ հորդորելով բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվել պետության և ժողովրդի շահերի շուրջ։
«Օրեր առաջ ես հանդես եկա կոչով՝ բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվելու հանուն պետության և ժողովրդի։ Մինչև 2025 թ. դեկտեմբերի 1-ն այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր՝ կողմնորոշվելու և միանալու մեր համահայկական շարժմանը։
Դեկտեմբերի 1-ից հետո հանրության դատին կներկայացնեմ ԴՕԿ կուսակցության ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը, Կառավարության կազմը, ՀՀ նախագահի թեկնածուին։
Որոշված է՝ «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով»,–նշել է նա։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։






