AM
3 Նոյեմբեր 2025 - 12:31 AMT

Ղազինյան․ Իշխանությունները որոշել էին հոսանքի սակագին իջեցնել և իրենց վերագրել՝ չհիշատակելով Կարապետյանին

ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն ասուլիսում հայտարարել է, որ իշխանությունները որոշել էին էլեկտրաէներգիայի սակագին իջեցնել և դա «իրենց վերագրել՝ չհիշատակելով «Տաշիր կապիտալին» և Սամվել Կարապետյանին»։

«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ «Տաշիր կապիտալի» կողմից հունիսի 6-ին եղել է առաջարկ՝ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ էներգաբալանսի շեղման արդյունքում առաջացած շահույթի հաշվին։ Հունիսի 13-ին Հանձնաժողովից ստացվել էր պատասխան, որ մինչև տարվա վերջ սակագինը կվերանայեն», – նշել է Ղազինյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա հայտնել է, որ իրենց հայտարարությունից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչության պետերից մեկը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե իբր ՀԷՑ-ը մի կողմից դիմել էր սակագինը իջեցնելու առաջարկով, մյուսով բարձրացնելու՝ 12 մլրդ ներդրում կատարելու համար։

Ղազինյանը նշել է, որ այդ հարցազրույցից հետո ինքը տարածել է ՀԾԿՀ համապատասխան նիստի ձայնագրությունը, որտեղ ինքն ասել է, որ 12 մլրդ դրամի ներդրումների դիմաց հետագայում՝ մոտ 30 տարվա ընթացքում, հանձնաժողովը կփոխհատուցեր, եթե ոչ՝ ապա ՀԷՑ-ն իր շահույթի հաշվին կաներ, բայց ոչ սակագնի հաշվին։

«Այսինքն, ակնհայտ սուտ տեղեկություն»,-ասել է Ղազինյանը։

Ըստ նրա, շրջանառվում է ևս մեկ սուտ, ըստ որի իրենք ժամանակին երբ առաջարկել են էլեկտաէներգիայի սակագինը իջեցնել, ելել են այդ պահի դրությամբ՝ 5 ամսվա 3.6 մլրդ շահույթի և այն ամբողջ տարվա ծախսելիք կվ/ժ-ի վրա բաժանելու մոտեցումից, որը ստացվում է մոտ 3 դրամ էժանացում, իսկ ներկայում շահույթը հասել է 7.3 մլրդ դրամի և այն պետք է բաժանել այս ամիսների ընթացքում սպառված 1.6 մլրդ կվ/ժ հոսանքի վրա և կստացվեր մոտ 5 դրամի սակագնի իջեցում։

«Իշխանություններն ընդամենը որոշել են տարվա վերջում, կամ եկող տարվա սկզբին, սակագնի իջեցման գործընթաց անեին՝ չշեշտելով Սամվել Կարապետյանի կամ «Տաշիր կապիտալի» անունը, և վերագրեին իրենց լավ աշխատանքին։ Ուղղակի իրենց մոտ չստացվեց, որովհետև մենք ավելի շուտ և՛ ասել էինք, և՛ պնդում ենք»,-ասել է ՀԷՑ նախկին տնօրենը։

Նա նշել է, որ 3 տարվա ընթացքում այլընտրանքային էներգաաղբյուրներից էլեկտրաէներգիա գնելու միջոցով Էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 մլրդ դրամ, որի հաշվին նույնպես կարելի էր նվազեցնել սակագինը։

Ավելի վաղ ՀԾԿՀ–ն արձագանքել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով նվազեցնել՝ շեշտելով, որ նման առաջարկ իրենց երբևէ չի ներկայացվել։