44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը դեռևս չի տրամադրվել Ներքին գործերի նախարարությանը։ Այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ինքը քննարկում է անցկացրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ՝ պարզելու, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր կազմակերպել գործընթացը, որպեսզի ուժային և այլ համապատասխան կառույցները, որոնք հետագայում պետք է աշխատեն զեկույցի հետ, ստանան դրա կրկնօրինակները, հայտնում է «Փաստինֆոն»։
«Մենք քննարկում ենք, որ հնարավորություն ստեղծենք, որպեսզի օր առաջ այն լինի տվյալ կառույցներում։ Բայց միաժամանակ, ասեմ, որ փաստացի նյութը շատ-շատ է և ժամանակ է պահանջվում, որպեսզի ամբողջությամբ փաստացի նյութը տեղափոխվի առաջին բաժին»,-ասել է նա՝ ընդգծելով, որ փաստական բազան առանցքային դեր ունի զեկույցի կառուցվածքի մեջ։
«Դա ընթացակարգային խոչընդոտ է, որը լուծման փուլում է»,-ասել է Քոչարյանը։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվել։ Այն ուղարկվել է Ազգային ժողովի պահոց։






