AM
3 Նոյեմբեր 2025 - 13:14 AMT

Վեհափառի եղբայրը մեկ ամսով կալանավորվել է

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայրը՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանը, 1 ամսով կալանավորվել է։ Դատական որոշումը կայացրել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Բաբախանյանի նախագահությամբ։ Այդ մասին ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ առաջիկայում քննության կառնվի նաև Գևորգ Ներսիսյանի որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանավորման վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։

Գևորգ Ներսիսյանը և նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են Վաղարշապատում՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի բողոքի հիման վրա։ Ըստ նրա՝ Ներսիսյաններն իրենց գործողություններով փորձել են խոչընդոտել իր նախընտրական քարոզարշավը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը այս պնդումը որակել է որպես սուտ մատնություն։

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է քարոզչությանը խոչընդոտելուն կամ դրա կատարումից հրաժարվելուն հարկադրելու գործողություններին։