AM
3 Նոյեմբեր 2025 - 13:20 AMT

Համայնքապետարանն առանց թեմի համաձայնության աշխատանքներ է սկսել Թալինի եկեղեցու տարածքում

Թալինի համայնքապետարանը, առանց որևէ քննարկման Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ, աշխատանքներ է սկսել եկեղեցու բակային հատվածում։ Այդ մասին ասվում է թեմի տարածած հայտարարության մեջ։

«Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին՝ իր ամբողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին:

Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս արհամարհական վերաբերմունքը, թեև միշտ պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը»,- ասվում է հայտարարությունում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին 2 անգամ մասնակցելուց հետո, հայտարարել է, որ նոյեմբերի 9–ին մասնակցելու է Թալինում Տեր Թադեի մատուցելիք պատարագին։