AM
3 Նոյեմբեր 2025 - 14:49 AMT

Արարատի մարզում կասեցվել է գազաբենզալցակայանների գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն «Էյ-Ջի-Ջիլ» ՍՊ ընկերության ավտոգազալցավորման ճնշակայանի, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։

Հետազոտության արդյունքում արձանագրվել են մի շարք նորմատիվ խախտումներ հրդեհային անվտանգության ոլորտում, որոնք դիտարկվել են որպես անմիջական և լուրջ սպառնալիք՝ հրդեհների առաջացման և բնակչության կյանքի ու առողջության համար։

Դրա հիման վրա տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը որոշում է կայացրել կասեցնել լցակայանների գործունեությունը նշված հասցեում՝ մինչև խախտումները լիովին վերացվեն։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն արգելել են ընկերության աշխատակիցներին և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը վերաբերում է այդ վտանգավոր օբյեկտների շահագործմանը, ինչպես նաև պարտադրել են դատարկել և չեզոքացնել պահեստավորված վառելիքը։

Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և տեղական մասնագետների համագործակցության արդյունքում տնտեսվարողը, օգտագործելով սեփական միջոցները, իրականացրել է լցակայանների ապամոնտաժում։