Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ հայտարարել է, որ այն, ինչ հնարավոր չէր վաշինգտոնյան համաձայնություններից առաջ ԵԱՏՄ-ի երկու երկրների միջև, հիմա հնարավոր է։
«Շատերն ասում են, որ այս պրոցեսները դեմ են կամ հակասում են ԵԱՏՄ-ի շահերին, մինչդեռ այն, ինչ հնարավոր չէր վաշինգտոնյան համաձայնություններից առաջ ԵԱՏՄ-ի երկու երկրների միջև, հիմա հնարավոր է։ Սա պարզ օրինակ է, թե ինչ օգուտներ կարող են լինել»,– ընդգծել է Փաշինյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ թեև Հայաստանի և ԵԱՏՄ անդամ Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն առկա է, սակայն այն չի համապատասխանում միության բովանդակությանը, քանի որ փոխադարձ առևտրի ծավալները զգալիորեն ցածր են։ Վարչապետը նշել է, որ այս իրավիճակի պատճառը հաղորդակցության հարմարավետ և մատչելի ուղիների բացակայությունն է։
Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Հայաստանի տարածքով տարանցման սահմանափակումները վերացնելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ առաջինն այս փոփոխություններից կշահեն Կենտրոնական Ասիայի պետությունները։
«Մենք, օրինակ, շատ մեծ ցանկություն ունենք նաև Ուզբեկստանի հետ մեր հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական առումով խորացնելու»,– նշել է Փաշինյանը։
Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ապահովելու բեռնափոխադրումներ Թուրքիայի տարածքից դեպի Ադրբեջան՝ Մարգարայով ու Խնձորեսկով, ինչպես նաև հակառակ ուղղությամբ։
«Ինչու ենք հենց դա հիշատակում, քանի որ դա միակ ուղին է, որի դեպքում բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները պատրաստ են։ Քաղաքական մակարդակում խնդիր չունենք նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդ թվում երկաթուղային կապ ապահովելու համար։ Ուղղակի դա ֆիզիկապես հնարավոր չէ անել, քանի որ չկա երկաթուղի, երկաթուղին կառուցելու շուրջ բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ դա պետք է տեղի ունենա TRIPP–ի շրջանակում»,– ընդգծել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ այս նախագծի շրջանակում տարածաշրջանային, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներն ունեն մեծ հետաքրքրվածություն, բայց բերել է Իրանի օրինակը։ Ըստ վարչապետի` TRIPP–ի միջոցով Իրանը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






