Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ շատ հաճախ ենք հանդիպում։ Ես երկու անգամ այցելել եմ Թուրքիա, ընդ որում առաջին անգամ աշխատանքային այցով երկկողմ ձևաչափով եմ եղել, և այդ այցը ես շատ հաջող եմ համարում, որի ընթացքում նախագահ Էրդողանին հրավիրել եմ Երևան մասնակցելու 2026 թ. մայիսին կայանալիք գագաթնաժողովին։ Ճիշտ չի լինի, եթե մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը, պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ և հույս ունեմ, որ նա այդ հրավերը կընդունվի»,– ընդգծել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում հաստատվել է մշտական ինստիտուցիոնալ հաղորդակցություն:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել 1991 թվականից ի վեր, իսկ սահմանի փակման որոշումը կայացվել է 1993 թվականին՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 2021 թվականի դեկտեմբերին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ են նշանակել կարգավորման գործընթացի համար։
2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Նյու Յորքի «թուրքական տանը», որտեղ կրկին ընդգծել են կարգավորման ընթացքը զարգացնելու պատրաստակամությունը։ Հաջորդ տարի՝ 2025-ին, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան և հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ Մարգարայի սահմանային կետում։






