AM
4 Նոյեմբեր 2025 - 14:44 AMT

Գալստյան. ԿԲ աշխատակիցները փոքր կրիպտո դրամապանակներ ունեն` հետազոտական նպատակով

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ինքն անձամբ կրիպտոակտիվներ չունի, սակայն ԿԲ-ի մի շարք աշխատակիցներ բացել են փոքր դրամապանակներ՝ ոլորտից ավելի տեղեկացված լինելու համար։

«Այսինքն՝ նրանք կատարում են գործառնություններ, ուսումնասիրում են հնարավոր ռիսկերը և հնարավորությունները, որից հետո մենք խորհրդի կամ գործադիրի մակարդակով քննարկում ենք։ ԿԲ մեր աշխատակիցներն այդ ամենն անում են բացառապես հետազոտական, ոչ թե շահույթ ստանալու նպատակով»,- նշել է Գալստյանը, հայտնում է Auroranews.am-ը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկում այս պահին արդեն գոյացել է կրիպտոակտիվների վերաբերյալ նշանակալի վերլուծական բազա, որը կարող է հիմք հանդիսանալ ոլորտում արդյունավետ և նպատակային կարգավորումների մշակման համար։

Անդրադառնալով կրիպտոարժույթի շուկայում ստվերային մեխանիզմների առկայության հնարավորությանը՝ Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն նման վերլուծություններ չի իրականացնում։

Մայիսին Ազգային ժողովն ընդունել է կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող օրինագիծը, որով սահմանվում են առևտրով և ներդրումներով զբաղվող ընկերությունների գործունեության հիմնական կանոնները։