AM
5 Նոյեմբեր 2025 - 08:01 AMT

Սարգսյան․ Ես չեմ տեսնում խաղաղություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից առաջ լրագրողների այն դիտարկումներին, թե Ադրբեջանից Հայաստան ցորեն է ներմուծվում և խոսվում է խաղաղության մասին, ասել է, որ չի տեսնում խաղաղություն։

«Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում»,- ասել է Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը։

Հակակոռուպցիոն դատարանում կայանալու է Սարգսյանի գործով դատական նիստ, որը նախատեսված չէր։ Լրագրողի դիտարկմանը՝ ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը երկու գործով վերացվել է, կարծեք փորձում են նորից խափանման միջոց ընտրել։

«Ամենայն հավականությամբ, նիստը կլինի, կտեսնենք»,- ասել է Սարգսյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ՌԴ-ից երկաթուղով ռուսական ծագման ցորեն է տեղափոխվում դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նոյեմբերի 4–ին ՌԴ–ից, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, երկաթուղով Հայաստան է ուղարկվել ցորենով 15 վագոն։ Ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով։