AM
5 Նոյեմբեր 2025 - 08:51 AMT

Միրզոյան․ Խաղաղությունը կավելացնի ՀՀ և Ադրբեջանի ինքնիշխանությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղությունը Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորություն կտա էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը: Այդ մասին Միրզոյանն ասել է «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:

«Որևէ կոնֆլիկտ պարարտ հող է ստեղծում երրորդ երկրների կողմից իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, ուժեղացնել իրենց լծակները հակամարտող կողմերի վրա»,- ասել է Միրզոյանը, հայտնում է Արմենպրեսը։

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ չկան պետություններ, որոնք բացարձակ անկախ են, քանի որ երկրները մեկը մյուսի հետ փոխկապակցված են առևտրային և այլ կապերով, ինչը այդ պետությունների համար զարգացման կարևորագույն պայման է:

«Ռազմավարական իմաստով մենք կարողանալու ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից այդ բազմաթիվ փոխկապակցվածությունները մեկը կարող է համարել ինքնիշխանության պակաս, բայց ես կարծում եմ, որ բոլորովին ոչ, այդպես չէ»,- ասել է Միրզոյանը:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։