AM
5 Նոյեմբեր 2025 - 13:34 AMT

Շոյգուն՝ Գրիգորյանին․ Իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում, ՌԴ–ն մեծ ավանդ ունի Երևան–Բաքու կարգավորման մեջ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն ասել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում մշտական ուշադրություն է պահանջում, գրում է ՏԱՍՍ–ը։

«Այն ամենն, ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, տարբեր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում՝ Կովկասում ընդհանրապես, Հարավային Կովկասում, պահանջում է մեր մշտական ուշադրությունն ու խորհրդակցություններ», — ասել է Շոյգուն։

Արմեն Գրիգորյանը, իր հերթին, վստահեցրել է, որ «պատրաստ է կիսվել մանրամասներով» տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։

Շոյգուն հավելել է, որ ՌԴ–ն մեծ ավանդ ունի ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ռուսաստանի ավանդը հարաբերությունների կարգավորման գործում, հարաբերությունների, որոնք դեռ ամբողջությամբ կարգավորված չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, էական է։ Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանը արել է ամեն ինչ, որպեսզի իրավիճակն այնտեղ դառնա ավելի կայուն և վերջապես խաղաղություն հաստատվի», — ասել է Շոյգուն։

Նա հավելել է, թե շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը կարգավորել է արդեն ութ կամ ինը հակամարտություն աշխարհում` ակնարկելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ Սպիտակ տանը գտնվելու 8 ամիսների ընթացքում 8 հակամարտություն է կարգավորել:

Մոսկվայում անցկացվում է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը։ Միջոցառման շրջանակում Սերգեյ Շոյգուն նախատեսում է մի շարք առանձին հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։