AM
5 Նոյեմբեր 2025 - 14:11 AMT

Միրզոյանն՝ ադրբեջանցի լրագրողին․ Չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Բաքվի համար մտահոգիչ որևէ դրույթ կա

Երևանում ընթացող «Օրբելի ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովի ընթացքում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղելու հնարավորություն է ունեցել նաև ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության լրագրողը, որը հետաքրքրվում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ:

Ի պատասխան՝ Միրզոյանը ասել է՝ կցանկանար, որ Երևանում գտնվող լրագրողը իրեն ուղղեր այնպիսի հարց, որը չէր լինի պաշտոնական Բաքվի խոսույթը, հայտնում է 1lurer.am-ը։

«Մեր պատասխանը շատ միանշանակ է: Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա: Հետևաբար, մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ: Ես նշեցի արդեն՝ խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենաէական հարցերի շուրջ համաձայնությունները ձեռք բերված են, ստորագրված են, հրապարակված են, բայց կան հարցեր նաև, որոնց շուրջ երկու երկրները չեն համաձայնում: Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է»,– ասել է Միրզոյանը՝ շեշտելով, որ այս հարցով երկկողմ համաձայնություն չկա։

Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ խաղաղությունը հաստատված է, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները սահմանին վայելում են խաղաղությունը, քննարկվում են քաղհասարակությունների շփումները, փորձագետների ու լրագրողների այցերը:

Միրզոյանը նաև հույս է հայտնել, որ առաջիկա գործընթացները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը և խորհրդարաններում վավերացմանը:

«Հայաստանի Հանրապետության կողմից ունենք այդ քաղաքական կամքը, գնում ենք այդ ճանապարհով, չենք տրվում որևէ պրովոկատիվ ուղերձների կամ խոսակցությունների: Հուսանք, որ առաջիկայում կունենանք համաձայնագրի ստորագրում, հետո՝ համաձայնագրի վավերացում»,- ասել է նախարարը:

ԱԳ նախարարը հիշեցրել է՝իշխանությունը Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին խոսել է 2018 թվականի վերջերից, ընդգծել՝ դա միայն ներհայաստանյան օրակարգի մաս է:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: