AM
5 Նոյեմբեր 2025 - 14:22 AMT

Ռուբինյան․ Տեղանունների հետ կապված Ալիևի հայտարարությունն ապակառուցողական է

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն պնդմանը, թե «Սևանա լիճ գոյություն չունի, գոյություն ունի Գյոյչա», ասել է, որ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում են, թեև չեն կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում են ապակառուցողական` Ալիևի վերջին հայտարարությունը դրանցից մեկն է։

«Եթե հետ գնանք, տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ կտեսնենք։ Բայց հետ գնալ պետք չէ, պետք է գնալ առաջ։ Եվ դա է խաղաղության ամրապնդման և պահպանման ձևը», – նշել է Ռուբինյանը, գրում է «Փաստինֆոն»։

Նա պատմել է, որ իր սոցիալական ցանցում մի քաղաքացի գրառման տակ հարց է ուղղել՝ հղում անելով Ալիևի հայտարարությանը՝ թե՝ դա՞ է խաղաղությունը։

«Ես նրան պատասխանեցի, որ՝ ոչ, խաղաղությունը դա չէ, այլ այն, որ ռուսական ծագման ցորենը երկաթուղով, Ադրբեջանի տարածքով ներմուծվում է Հայաստան։ Դա է խաղաղությունը, և դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել երեկ։ Սա, առանց չափազանցության, պատմական իրադարձություն է։ Այսպիսի բան վերջին անգամ եղել է 1991-92 թթ, այսինքն պատերազմի ակտիվ փուլից առաջ։ Առաջին անգամն է, որ Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով Հայաստան որևէ բան է ներմուծվում», – ընդգծել է նա։

Ըստ նրա՝ սա նախադեպային իրադարձություն է, քանի որ Հայաստանը առաջին անգամ տնտեսական առումով երկաթուղային կապ է ստանում մի երկրի հետ, որը Վրաստանը չէ։

«Միակ երկիրը, որի հետ ունեինք երկաթուղային կապ, Վրաստանն էր 30 տարի։ Հիմա արդեն Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով որևէ ապրանք է գալիս Հայաստան և անհնար է գերագնահատել այս իրադարձության կարևորությունը»,–նշել է նա։

Ռուբինյանը նշել է, որ խաղաղության ուղին հեշտ չի լինելու, այդ ճանապարհին կլինեն և՛ բարդ հարցեր, և՛ հնչող հայտարարություններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել։ Բայց ըստ նրա՝ անհրաժեշտ է կենտրոնանալ կոնկրետ արդյունքների վրա։

«Այո, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր։ Այո, կարող են լինել հայտարարություններ, որոնք մենք կհամարենք խնդրահարույց, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա և ցորենի Հայաստան ներմուծումը Ադրբեջանի տարածքով շատ կարևոր փաստ է», – նշել է նա։

Ալիևը հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ», և որ «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»․ քանի որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։