AM
6 Նոյեմբեր 2025 - 06:35 AMT

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է ՀՀ–ին՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի առթիվ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի առիթով։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորանքներս Հայաստանին, որը վճռական քայլ է կատարել Եվրոպայի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ»,-գրել է դեսպանը։

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթում ներկայացված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի անվտանգության, սահմանային վերահսկողության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում։

Հայաստանն ու Եվրամիությունը 2024 թվականի սեպտեմբերին հայտարարել են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին։ Այդ պահից ի վեր, ակտիվ հանդիպումներ և պաշտոնական փոխայցելություններ են իրականացվել՝ նպաստելով բանակցային գործընթացի շարունակական առաջընթացին։