2025 թ. հոկտեմբերի 1–ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը 3,090,500 է, որից 1,977,400–ը բնակվում են քաղաքներում, 1,113, 100–ը` գյուղերում: Այդ մասին ասվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական վիճակը 2025 թ. հունվար–սեպտեմբերին» զեկույցում։
Կոմիտեի տվյալներով` հունվար–սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 23,698 մարդ` 1244–ով պակաս 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (24 942), գրում է Sputnik Արմենիան։
Նույն ժամանակահատվածում գրանցվել է 19,064 մահվան դեպք, ինչը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը՝ 18,959 մահ։ Մահացության հիմնական պատճառները եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները և շնչառական համակարգի խնդիրները։
Նշվում է նաև, որ այս տարվա հունվարից սեպտեմբեր մայրական մահացության դեպքեր չեն արձանագրվել, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 նման դեպք՝ հղիության բարդությունների, ծննդաբերության կամ հետծննդյան շրջանի հետ կապված։
Ըստ կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի ինն ամսում ՀՀ-ում ամուսնացել է 10,238 մարդ, ինչը պակաս է նախորդ տարվա նույն շրջանի՝ 11,696 ամուսնությունից։ Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունների թիվը փոքր-ինչ աճել է՝ հասնելով 3617-ի, մինչդեռ 2024 թվականին այն կազմել է 3422։
«Հանրապետությունում 2025 թ. հունվար–սեպտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծությունների 353 դեպք` 2024 թ. հունվար–սեպտեմբերի 293 դեպքի համեմատ»,– ասված է կոմիտեի զեկույցի մեջ:
Ինչ վերաբերում է նորածինների սեռերի հարաբերակցությանը, ապա ինչպես 2024 թ. հունվար–սեպտեմբերին, այնպես էլ 2025 թ. հունվար–սեպտեմբերին կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:
2025 թ. 9 ամսում ՀՀ պետական սահմանի անցման կետերով մուտք է գործել 3,919,800 մարդ, որից ՀՀ փաստաթղթերով` 1,646,600–ը։ Հայաստանից սահմանային կետերով դուրս է եկել 3,908,400 մարդ, որից 1,649,400–ը` ՀՀ փաստաթղթերով։






