AM
6 Նոյեմբեր 2025 - 09:58 AMT

ՀՀ–ն և Չեռնոգորիան կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում

Կառավարության նիստում, չզեկուցվող նախագծերի թվում, հաստատվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագրի վերաբերյալ որոշումը։

Այս համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք հնարավորություն կտան երկու պետություններին փոխանակել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն ու աշխատանքային փորձ, հայտնում է Radar Armenia-ն։

Այդ համագործակցությամբ կողմերը կկարողանան մշակել համատեղ կրթական ծրագրեր, կազմակերպել սեմինարներ ու դասընթացներ՝ նպաստելով կրթական որակի բարելավմանը։ Եվրոպական հետազոտական տարածքի հնարավորությունների միջոցով Հայաստանը և Չեռնոգորիան կհամագործակցեն նաև գիտահետազոտական համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ։

Փոխգործակցությունը կվերաբերի կրթական համակարգի բոլոր մակարդակներին, խթանելով ուսումնական հաստատությունների միջև կապերի ամրապնդումը։ Այդ թվում՝ կիրականացվեն ուսանողների, դասավանդողների, փորձագետների և գիտնականների փոխանակման ծրագրեր։

Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը՝ հիմք ընդունելով փոխադարձությունը և համապատասխանեցնելով իրենց ազգային օրենսդրությանը, ամեն տարի կտրամադրեն կրթաթոշակներ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման և շարժունության ծրագրերում դասավանդողների ու գիտաշխատողների ներգրավման համար։