Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրանքի վարչության (ռազմարդյունաբերության խթանման) միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջայի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերն անդրադարձել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցելու հնարավորություններին՝ շեշտելով այն ուղղությունները, որոնք փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում։
Զուգահեռաբար քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների միջև գործնական կապերի ընդլայնման և բիզնես փոխանակումների խթանման տարբերակները։
Հանդիպման ավարտին երկու կողմերն ընդգծել են համատեղ գիտահետազոտական նախաձեռնությունների և արտադրական հնարավորությունների զարգացման նշանակությունը։
Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի և հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, չի մեկնաբանում սպառազինության գնման մասին հնդկական կողմի տեղեկությունները՝ խնդրելով հիմք ընդունել նախարարության՝ միջազգային համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները և իրավասու պաշտոնյաների հայտարարությունները։
Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր ե զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել՝ 240 մլն դոլարի։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։






