AM
7 Նոյեմբեր 2025 - 07:56 AMT

Պետրոսյան․ Չենք դադարում զարմանալ ՀԷՑ–ում արձանագրված իրավախախտումների բնույթից և ծավալներից

ՀԷՑ-ի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ «չեն դադարում զարմանալ ՀԷՑ–ում արձանագրված իրավախախտումների բնույթից և ծավալներից»։

Նա տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ավարտին հաշված օրեր են մնացել:

«2023-25թթ ընթացքում ՀԷՑ-ի միայն 6 վարչական շենքերում սեփական կարիքների համար փաստացի ծախսված էլ.էներգիայի քանակներն արհեստականորեն ուռճացվել են՝ հավելագրելով տվյալ հաշվիչներին ավելի քան 3.1 մլն կՎ.ժ էլէներգիայի հավելյալ քանակ։

Թեպետ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ավարտին հաշված օրեր են մնացել, և ՀԾԿՀ-ն շուտով պետք է օրենքով սահմանված կարգով նիստ գումարի և որոշում կայացնի, սակայն չենք դադարում զարմանալ մեր ուսումնասիրությունների եւ թիրախային վերահսկողության արդյունքում արձանագրված նորանոր իրավախախտումների բնույթից եւ դրանց ծավալներից։

Օրերս բացահայտել, փաստաթղթավորել և ՀԾԿՀ ենք ուղարկել լիովին նոր բնույթի եւ աննախադեպ ծավալի եւս մի իրավախախտման փաստ. խոսքը գնում է ավելի քան 3․1 մլն կՎ.ժ հավելագրված էլեկտրաէներգիայի քանակի մասին, որը բացահայտվել է ՀԷՑ-ի ցանցերում առկա 52 վարչական շենքերից միայն 6-ում՝ հավելագրված 2023-25թթ. ընթացքում։

Շուկայական միջինացված արժեքով հաշված՝ այս դեպքում Ընկերությանը հասցված վնասը կազմում է ավելի քան 150 մլն ՀՀ դրամ։

Ընդ որում, այս ծախսն ուղիղ անդրադառնում է հանրությանը մատակարարվող էլ.էներգիայի սակագնի մեծության վրա. Ուղղակիորեն

Եթե առկա ռեսուրսներն ու ժամանակը ներեին՝ է՛լ ավելի լայնամասշտաբ ստուգումներ արվեր այս ուղղությամբ, ապա վստահաբար սեփական կարիքների համար ծախսված էլ.էներգիայի քանակներին հավելագրված ծավալները բազմապատիկ անգամ ավելին կարձանագրվեին, քանի որ ստուգումներն իրականացվել են ընտրողական եղանակով՝ ընդամենը Երեւանի և ՀՀ տարբեր մարզերի մի շարք ցանցերում (մոտ 10%-ում), և բոլոր տեղերում դրանք արձանագրելով՝ կարող ենք պնդել, որ ըստ երևույթին, այս հավելագրումները ևս կրել են համակարգային բնույթ։

Վերահսկողական աշխատանքներն անշուշտ չեն դադարելու այս ուղղությամբ, սակայն նոր հնարավոր արձանագրումներն, ըստ երեւույթին, չենք հասցնի ներկայացնել ՀԾԿՀ՝ մինչեւ վարույթի ամփոփումը, սակայն իրավական գնահատականի, անկասկած, դրանք կներկայացվեն ողջ ծավալով։ ՀԷՑ-ն այլ7ս ծառայում է մեր ժողովրդին»,–գրել է նա։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։