AM
7 Նոյեմբեր 2025 - 11:29 AMT

Արցախցիների բնակապահովման ծրագրով հավաստագիր է ստացել 3323 ընտանիք

Շարունակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ։

Ծրագրի շրջանակում այս պահին հավաստագիր է տրամադրվել 3323 ընտանիքի՝ ընդհանուր 13,308 անձի համար։ Այդ ընտանիքներից 1237-ը՝ 5333 անդամով, արդեն իսկ իրացրել են ստացած աջակցությունը։

Ծրագրի միջոցով աջակցության տրամադրումը կատարվում է հետևյալ տարբերակներից մեկով՝

  • բնակարան կամ կառուցվող շենքից գնելու իրավունք ապահովող հավաստագիր, ինչպես նաև անհատական բնակելի տան գնման հավաստագիր,
  • անհատական տուն կառուցելու համար հավաստագիր,
  • գործող հիփոթեքային վարկի մարման նպատակով աջակցություն։

Տրամադրվող աջակցությունը հաշվարկվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ 3-5 միլիոն դրամի սահմանում։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն ընտանիքները, որոնք՝

  • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
  • ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • չեն ունենում անշարժ գույքի սեփականության իրավունք,
  • չեն ընդգրկվել Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների կամ սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակում։