AM
7 Նոյեմբեր 2025 - 11:32 AMT

Ավետիսյան․ Թուրքական լոլիկի ներկրումը կճնշի տեղական արտադրողին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է, որ թուրքական լոլիկի ներկրումը ՀՀ ստեղծում է լուրջ մրցակցային սպառնալիք տեղական արտադրողների համար։

«Գիտեք, որ թուրքական լոլիկ է ներկրվում ՀՀ։ Իմ ուսումնասիրություններով, իրենց գյուղատնտեսությունը մոտ 2-2.5 անգամ ավել պետական աջակցություն է ստանում: Դրա հետևանքով երբ ջերմոցային լոլիկը սկսի վաճառվել, բոլորս էլ վստահաբար կտեսնենք, որ այդ լոլիկը գալով ճնշելու է մեր տեղական ատրադրողներին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ առկա են մրցակցային խնդիրներ, և այդտեղ պետական կարգավորումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև՝ ուշացած։

Նույն հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, ըստ որոնց մետաղական ամրանների ներմուծման պետական տուրքը նախատեսվում է 20-ապատիկից բարձրացնել մինչև 50-ապատիկ՝ հաշվի առնելով, որ Իրանում պետությունը սուբսիդավորում է նման արտադրանքը, ինչի հետևանքով այն էականորեն էժան է հայկականից։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Ղազարյանը նշել է, որ կառավարությունն առաջարկում է սահմանել 45-ապատիկ տուրք՝ ելնելով Իրանի գազի սուբսիդավորման քաղաքականությունից և ներմուծման հաշվարկներից։

Ավետիսյանը հակադարձել է՝ նշելով, որ պետությունը պահում է սպառողի շահը, սակայն տեղական արտադրողին չի աջակցում, ինչի արդյունքում գնային մրցակցության պայմաններում ամրանն ինքնաբերաբար կէժանանար։

Ընդդիմադիր պատգամավորը բարձրաձայնել է նաև հարցադրում՝ ինչու է պետությունը միջամտում մետաղական արտադրանքի շուկայում, բայց անտեսում է նույն մարտահրավերները գյուղատնտեսության ոլորտում։

«Հուսամ այստեղ աշխարհաքաղաքական գործոն չկա, ասենք՝ էս երկրից մի քիչ նեղված ենք՝ լավություն անենք, էս մյուսը բարեկամ է, շատ չի նեղանա»,-հարցրել է Ավետիսյանը։

Ի պատասխան՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ մի ժամանակ թուրքական լոլիկը ռուսական շուկա արտահանվել է հայկական արտադրանքի անվան տակ, իսկ այժմ արդեն արտահանվում է հայկական լոլիկը։