Ֆիզիկական անձինք սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել նաև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո, եթե կատարեն ՊԵԿ–ի սահմանած մի քանի քայլ։ Այդ մասին ասվում է կոմիտեի պարզաբանման մեջ։
«Ֆիզիկական անձինք կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե մինչև սահմանված վերջնաժամկետը հարկային մարմին են ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիր։ Կարևոր է իմանալ` եթե ձեր հայտարարագիրը սահմանված ժամկետում հարկային մարմին չեք ներկայացրել, և այն համարվել է ներկայացված հարկային մարմնի կողմից նախալրացման արդյունքում, ապա կարող եք վերջնաժամկետից հետո ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավարեցված և ճշտված հայտարարագիր և օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից»,– ասվում է պարզաբանման մեջ։
Նշվում է նաև, որ եթե քաղաքացին ներկայացրել է հայտարարագիրը մինչև վերջնաժամկետը, սակայն չի ստացել փոխհատուցում հաշվարկային փաստաթղթի բացակայության պատճառով, ապա համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում կարող է լրացնել ճշտված հայտարարագիր և ստանալ փոխհատուցումը։
Կոմիտեից նշում են նաև, որ եթե սահմանված ժամկետում քաղաքացին ներկայացրել է հայտարարագիր, սակայն հաշվարկային թղթի բացակայության պատճառով չի ստացել սոցիալական ծախսի փոխհատուցում, ապա սոցիալական ծախսի առկայության դեպքում համապատասխան հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվելուց հետո կարող է ներկայացնել ճշտված հայտարարագիր և օգտվել հնարավորությունից։
Վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիրը լրացրած լինեն մինչև նոյեմբերի 1–ը։ 2026 թվականից սկսած հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև հուլիսի 1–ը։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս առողջապահության և կրթության ոլորտներում, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։
Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հարկային օրենսգրքում» կատարված փոփոխություններ, որոնք միտված են պարզեցնելու պարտադիր հայտարարագրումը։ Նոր կարգավորմամբ՝ հայտարարագրերը ավտոմատ կերպով լրացվելու են ՊԵԿ-ի կողմից, իսկ հայտարարատուները կունենան բավականաչափ ժամանակ՝ համակարգ մուտք գործելու, ստուգելու տվյալները և անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ։ Եթե քաղաքացու միակ եկամուտը աշխատավարձն է, ապա նա հայտարարագիր լրացնելու պարտականություն չի ունենա։






