ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում խոսել է 2020-ի պատերազմի հիմնական պատճառների մասին՝ նշելով, որ այն կարելի էր կանխել։
Նա 3 հիմնական պատճառ է առանձնացրել։
Առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը։ Նրա խոսքով՝ բանակցող կողմը ներկայացրել է անհասկանալի տարբերակ, ինչի հետևանքով բանակցությունները դադարեցվել են։
Երրորդ նախագահը նշել է, որ, իրկարծիքով, երկրի ներկա ղեկավարը սկզբնական շրջանում պարզապես չի կարողացել լիարժեք տիրապետել բանակցային գործընթացին, քանի որ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր հասկանալ, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին։
Երկրորդ պատճառը, ըստ Սարգսյանի, այն էր, որ տեղի ունեցան քայլեր, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին հիմնավորել իր ռազմական նախաձեռնությունը՝ պատերազմ սկսելը։
«Երրորդ պատճառն այն էր, որ ադրբեջանական և թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր»,- ասել է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ցավալի ելքին, ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ մինչև 2018թ․ նման ելքը միանշանակ կանխատեսելի չէր։ Արդեն 2018թ․ երկրորդ կեսին և 2019թ․ սկսեց խնդիրներ տեսնել ՀՀ զինված ուժերում, իսկ արդեն 2020թ․ իր անհանգստությունները հաստատվում էին։
Նա հիշեցրել է, որ 2020թ․ օգոստոսին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր՝ ռազմական գործողությունները շատ են մոտեցել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք գրառումներով արձագանքել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, այդ թվում՝ բանակցային գործընթացի մասին՝ խոստանալով մինչև տարեվերջ հրապարակել փաստաթղթերը։
«Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչեւ տարվա վերջ հրապարակելու եմ։ Արանքներում դնելու եմ նաև մի քանի հրապարակային թղթեր։
Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Որ զարթնես, ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ խաբար արա»,–գրել է նա։
Փաշինյանը նաև ասել է, որ Սարգսյանի այն պնդումը, թե ներկայիս իշխանությունները կազմաքանդել են բանակը, չի համապատասխանում իրականությանը՝ վկայակոչելով հենց Սարգսյանի նախկին հայտարարությունները։
«ՍՍ–ն փորձել է տպավորություն ստեղծել, թե 2018–2020 թվականների ընթացքում մենք բանակը կազմաքանդել ենք։ Հիմա մի մեջբերում ՍՍ–ի հայտարարությունից, որ նա արել է 2018թ․ ապրիլի 17–ին ԱԺ ամբիոնից, որպես վարչապետի թեկնածու, նախորդիվ խոսելով այն մասին, որ Ադրբեջանը մեծ հավանականությամբ փորձելու է պատերազմով լուծել ԼՂ հարցը։
Մեջբերում ՍՍ–ի 2018թ․ ապրիլի 17–ի խոսքից․ «Հաջորդ դասն այն է, որ մենք շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։
Բա եթե 2020–ից հետո բանակի մասին ասածներիդ թեկուզ մի փոքր մասը ճիշտ էր, դու 2018–ին ուրիշ բան պիտի ասեիր։ Պիտի ասեիր, «մենք շատ երկար ժամանակ ամենամեծ ուշադրությունն ենք դարձրել մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։
Բա ինչու՞ էդպես չես ասել, որովհետեւ իմացել ես, որ բանակի փոխարեն բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ։
Հ․Գ․ Չարթնացնեք, թողեք հանգիստ քնի»,- գրել է Փաշինյանը։






