Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ն ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«ՀՀ կառավարության կողմից «Արմսաթ-1»-ի արձակման որոշումը համարձակ և կարևոր քայլ էր, որն օգնեց Հայաստանին մուտք գործել տիեզերական դարաշրջան՝ ցույց տալով տիեզերական տեխնոլոգիաների ռազմավարական դերի կարևորությունն այսօրվա աշխարհում և Հայաստանի մտադրությունը՝ լինելու վաղվա տիեզերական տնտեսության մի մասը։
Երեքուկես տարիների ընթացքում «Արմսաթ-1» արբանյակի միջոցով ստացվել են Հայաստանի տարածաշրջանային բազմաթիվ տիեզերանկարներ՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել ինչպես գիտական, այնպես էլ համակարգային նշանակությամբ: «Արմսաթ-1» արբանյակի առաքելության առանցքային հաջորդ ձեռքբերումն այն է, որ այս ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվել վերապատրաստել մասնագետների և ձևավորել մասնագիտական խմբի այնպիսի կարողություններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել հաջորդող ծրագրերի նախագծումը, իրականացումը, արբանյակի կառավարումը, տվյալների ստացումն ու մշակումը»,–ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ «Արմսաթ-1»-ի առաքելության ընթացքում ստացված փորձը և ձեռք բերված տվյալներն արդեն իսկ օգտագործվում են նոր սերնդի երկրադիտարկման և հաղորդակցության արբանյակների նախագծման աշխատանքներում։
Զուգահեռաբար, սահմանվել են նոր՝ «Արմսաթ-2» արբանյակի տեխնիկական և տեխնոլոգիական պահանջները, և ակտիվ համագործակցություն է իրականացվում ճանաչված միջազգային կազմակերպությունների հետ՝ «Արմսաթ-2»-ի հանձնառությունը կյանքի կոչելու համար։ Հայաստանը հանձնառու է արբանյակային հաջող փորձի հիման վրա դառնալու երկրատիեզերական տեխնոլոգիաների սպառող և փորձառու օգտատեր՝ ձգտելով ապագայում ստանձնել նաև կիրառելի տեխնոլոգիական լուծումների փորձարկումն ու ինտեգրումը։
Նախարարը հրապարակել է նաև լուսանկարներ՝ ընդգծելով, որ դրանցում ներկայացված են Հայաստանի պատկերները՝ ստացված «Արմսաթ-1» արբանյակի միջոցով։
Արբանյակը տիեզերք էր արձակվել 2022 թվականի մայիսի 25-ին։






