ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին»ն տված հարցազրույցում հայտարարել է, որ, իր տպավորությամբ, «Հայաստանի կողմից ամեն ինչ արվել է, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից»։
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո ՌԴ–ին այլ բան չէր մնում, քան հեռանալը։
«Նոյեմբերի 9–ի փաստաթղթի տակ կար ՌԴ նախագահի ստորագրությունը՝ նա պարզապես վկա չէր, ստորագրել էր, պատասխանատվություն էր ստանձնել անվտանգության համար և տեղակայել խաղաղապահ ուժեր։ Հայաստանը միակողմանի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակից լինելուց։ Ի՞նչ է ասել ՀՀ–ն Պրահայում` «Ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն` ներառյալ Արցախը։
Դրանից հետո ՌԴ–ն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Միջնորդական դերակատարությունն այդ հայտարարությամբ Հայաստանը զրոյացրել է»,– ասել է Քոչարյանը։
Արցախի վերջնական կորուստը, ըստ նրա, ուղղակի հետևանք է Պրահայում ընդունած հայտարարության։
«Ղարաբաղի կորուստն ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության, ո՞ւր է Մակրոնը, ո՞ւր է Շառլ Միշելը, ո՞վ է նրանց տեղը հիմա հիշում»,- ասել է նա։
Քոչարյանն անդրադարձել է նաև Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին։ Ըստ նրա՝ առավել արդյունավետ կլիներ, եթե խաղաղության պայմանագրի երաշխավորներ դառնային միաժամանակ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը։
«Միշտ հնարավոր է քննարկել ու այնպիսի առաջարկներ տալ, որոնք ոչ թե ժխտում են այն, ինչ արված է, այլ համալրում ու լրացնում են։ Դու կոպլեմենտար տարբերակ ես առաջարկում, մենք սա 10 տարի արել ենք ու լավ հարաբերություններ ենք ունեցել ՌԴ, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։ Երբ հարցնում էին, թե ինչպես ենք անում, ասում էի՝ ամեն մեկը մի ցավոտ «մազոլ» ունի, չենք տրորում դրանք։ Փորձում ենք մեր հարաբերությունները կառուցել այն դաշտում, որտեղ այս երկրներն ունեն ընդհանուր շահեր»,-ասել է երկրորդ նախագահը։
Պրահայի հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմաթիի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար:






