ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, որ 44–օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 18-19–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկը՝ հստակ իմանալով, որ պարտվելու է։
«Ամենից անհասկանալին ինձ համար այն էր, երբ հոկտեմբերի 18-19–ին Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր և Փաշինյանը մերժեց՝ հստակ իմանալով, որ պատերազմում պարտվելու է, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակն այլևս չունի»,-ասել է նա։
Նա հիշեցրել է, որ կար ԳՇ-ի համապատասխան զեկույցը։
«Փաշինյանի բացատրությունն այն էր, որ այդպիսի որոշում չի կայացրել, որ իրեն չասեն դավաճան։ Այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.5 հազար լրացուցիչ զոհ և առնվազն 5-6 հազար վիրավոր։ Բա սա առաջնորդի քա՞յլ է»,-ասել է երկրորդ նախագահը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Փաշինյանն ընդհանրապես ընդունակ չէ որևէ խորհուրդ լսելու՝ հիշեցնելով, որ 2018–ից հետո վերջինս հանդիպել է միայն ՀՀ առաջին նախագահի հետ և ասել, թե ոչ մի նոր բան չի լսել։
Քոչարյանն անդրադարձել է նաև պատերազմի օրերին իր Ղարաբաղում լինելուն և գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու փորձերին, որոնք մերժվել են:
«Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի և այն, ինչ տեսել եմ, մեկ-երկու օրվա ընթացքում ինձ բերել է համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։ Երկու շաբաթ ես մնացել եմ Ղարաբաղում, ամեն օր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք։
Առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագահներով և ներկա նախագահով, թեկուզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ, իմ վերաբերմունքը հայտնի է։ Այնուամենայնիվ ես ինքս գնացի, առաջարկեցի և ես ունեի կոնկրետ պլան գործողությունների, թե ինչ է պետք անել։ Ինքը մերժեց, չուզեց հանդիպել և Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետևյալը։ «Եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետն ինձ կուտի»։ Ուղղակի իր բառն է՝ «ինձ կուտի»։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում, քան տվյալ դեպքում իմ հետ հանդիպել և քննարկելու հանգամանքից»,–ասել է նա։
Քոչարյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթերին՝ նշելով, որ նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետն ու Թրամփի ուղու մասին կետը նույնաբովանդակ են։
«Նոյեմբերի 9–ի փաստաթղթի 9–րդ կետում ասվում է անխոչընդոտ ճանապարհի մասին։ Եթե համեմատենք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ, ապա նույն բովանդակությունն է, այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք, և այդ 9–րդ կետը մտցված էր, որ Լաչինի միջանցքի հետ որոշակի սիմետրիա լինի։ Այն ժամանակ փոխանակ կառչեին այդ կետից ու ապահովեին ճանապարհի ֆունկցիոնալությունը, Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետը կատարելուց, որը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց, և ամեն ինչ ավարտվեց Արցախի կորուստով»,– հայտարարել է Քոչարյանը։
Նա նաև նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության չեղարկման կողմնակից ընդդիմադիրները չեն եղել։
«Հասկանում էինք, որ խնդրահարույց է` արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորս հասկանում էինք, որ սա Արցախը պահելու փաստաթուղթ է։ Այո, պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչվի»,– հավելել է նա։
2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են եռակողմ հայտարարություն՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Փաստաթղթով Արցախի մի մասը, բացառությամբ Շուշիի և Հադրութի, մնացել էր հայկական կողմի վերահսկողության ներքո, Արցախը ՀՀ հետ կապված էր Լաչինի միջանցքով միջանցքով, որտեղ տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։






