ՀՀ Կենտրոնական բանկը գրանցեց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի Կանոնադրության նոր խմբագրությունը, որի համաձայն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ նրա նոր բաժնետերը:
Ինչպես նշվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ին ՀԿԴ-ի բաժնետոմսերի փոխանցմամբ (երկու ընկերությունները հանդիսանում են NASDAQ OMX միջազգային բորսայական ընկերության մի մասը) ավարտվում է Հայաստանում ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի ինտեգրման գործընթացը, որը երկու ընկերություններին հնարավորություն կընձեռի առավելագույնի հասցնել գործառնական սիներգիայից ստացվող առավելությունները: ՀԿԴ-ն եւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն կշարունակեն ծառայություններ մատուցել NASDAQ OMX-ի բրենդի ներքո, իրագործելով ընկերության ռազմավարությունը` Հայաստանը դարձնել տարածաշրջանում առաջատար կապիտալի շուկա:
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում եւ առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, եւ ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաեւ ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում:
2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի եւ OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի միակ սեփականատերը:
27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ ՀԿԴ բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: