Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հուսով է, որ արցախցիները մի օր կվերադառնան իրենց հայրենիք։
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, հուսով եմ, որ այդ փաստաթուղթը կյանքի է կոչվելու»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Այն հարցին, թե արդյո՞ք անվտանգ կլինի Արցախ վերադարձը՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղարն ասել է, որ աշխարհի ոչ մի կետում էլ խաղաղություն ու անվտանգություն չկա։
Եթե անվտանգային երաշխիքներ տան՝ ինքը պատրա՞ստ է Արցախ վերադառնալ՝ Բալասանյանն արձագանքեց. «Իհարկե, միանշանակ»։
Վիտալի Բալասանյանը հունվարի 18-ին հրապարակել էր իր նամակն՝ ուղղված 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին։ Նամակում Բալասանյանը կոչ էր անում կարգավորել Արցախի բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և ապահովել բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։






