AM
10 Նոյեմբեր 2025 - 12:21 AMT

Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է Երևանից Կապան թռչող «ՆովԷյրի» վկայականի գործողությունը

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է Երևան-Կապան-Երևան թռիչքների իրականացմամբ հայտնի «ՆովԷյր» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը: Սա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել, հայտնում է «Հետքը»։

ՔԱԿ-ը «ՆովԷյրի» վկայականի գործողությունը կասեցրել է հոկտեմբերի 27-ին 6 ամսով՝ մինչեւ 2026 թ. ապրիլի 27-ը:

Կոմիտեի այս քայլը գործող օրենսդրության պահանջ է: Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:

«ՆովԷյրն» ունի 1 օդանավ՝ չեխական արտադրության L-410UVP-E20 տիպի ինքնաթիռ (ՀՀ գրանցումը՝ EK-4117):

Ինչպես արդեն գրել ենք, սեպտեմբերի 3-4-ին EK-4117-ը Երևանից թռել է չեխական Բռնո, որտեղ այժմ տեխնիկական սպասարկում է անցնում:

Ավիաընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնել է, որ եթե այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին ինքնաթիռը կրկին Չեխիայում տեխսպասարկում էր անցնում 300 թռիչքաժամ շահագործվելուց հետո (թռիչքաժամային սպասարկում), ապա այժմ անցնում է 10 տարվա օրացուցային սպասարկում: Գրող Համո Սահյանի անունը կրող ինքնաթիռն արտադրվել է 2015-ին, այսինքն՝ օրացուցային սպասարկում անցնում է առաջին անգամ:

Ըստ Վարդանյանի՝ պլանային սպասարկման աշխատանքները կտևեն 4-5 ամիս, և եթե այդ ընթացքում «ՆովԷյրը» չկարողանա վարձակալել այլ օդանավ, ինչի ուղղությամբ աշխատում է, ապա Երևան-Կապան-Երևան չվերթը կվերականգնվի L-410-ի վերադարձից հետո միայն:

ՔԱԿ-ի կայքի համաձայն՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ (Չեխիա մեկնելուց 1 ամիս անց) EK-4117-ը դեռ պիտանի էր թռիչքների համար, սակայն եթե հոկտեմբերի 27-ին ՔԱԿ-ը կասեցրել է ավիափոխադրողի վկայականը, նշանակում է, որ վերջինիս միակ ինքնաթիռը թեկուզ ժամանակավոր պիտանի չէ թռիչքների համար:

«ՆովԷյրի» ՕՇՎ-ն ուժի մեջ է մինչև 2040 թ. հոկտեմբեր, սակայն եթե մինչև գալիք տարվա ապրիլի 27-ը ավիափոխադրողը չունենա թռիչքների համար պիտանի գոնե մեկ օդանավ (սեփականությամբ, վարձակալությամբ կամ ենթավարձակալությամբ) կամ առնվազն օդանավ գնելու, վարձակալելու, ենթավարձակալելու հուշագիր ստորագրած չլինի, ապա կզրկվի ՕՇՎ-ից:

EK-4117-ն սեփականության իրավունքով պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին: Վերջինս նաև «ՆովԷյրի» սեփականատերն է:

Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա L-410-ի տեխսպասարկումը պետք է որ ավարտվի մինչև 2026-ի գարուն, ինչից հետո այն կրկին պատրաստ կլինի թռիչքների: Այս պարագայում «ՆովԷյրը» ՕՇՎ-ից չի զրկվի: Բնականաբար, կա նաև երկրորդ տարբերակը՝ փոխարինող օդանավի վարձակալությունը, ինչի ուղղությամբ, ըստ Կարեն Վարդանյանի, բանակցություններ են ընթանում: Երբ «ՆովԷյրը» նոր օդանավի վարձակալության մասին թեկուզ հուշագիր ստորագրած լինի, ՔԱԿ-ը կվերականգնի ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը:

«ՆովԷյրը» Երևան-Կապան-Երևան երթուղով կոմերցիոն փոխադրումներ է իրականացնում 2023-ի օգոստոսից: 2023-ի ընթացքում ավիաընկերությունը տեղափոխել է 207 ուղեւորի, 2024-ին՝ 1365 հոգու, իսկ 2025-ի հունվար-սեպտեմբերին՝ 2096 հոգու: Սա ինքնաթիռ շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում, որ ներքին թռիչքներ է կատարում, իսկ Երևան-Կապան-Երևան երթուղին առայժմ միակ ներքին չվերթն է մեր երկրում: