AM
10 Նոյեմբեր 2025 - 12:34 AMT

Բողոքի ակցիա՝ Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները 13 ամիս աշխատավարձ չեն ստացել

Հրազդանի ցեմենտի գործարանը փակման եզրին է, 400 աշխատակիցներ 13 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել գործարանի մոտ, որպեսզի պատկան մարմիններն արձագանքեն, թե ինչ է լինելու գործարանի ճակատագիրը։

Բողոքողներից մեկն ընդգծել է. «Տարիներ շարունակ Պարսկաստանն էր մեզանից կլինկեր տանում, իսկ այսօր արտահանողից դարձել ենք ներմուծող։ Միթե էդ ձևով կարելի է երկիրը շենացնել», հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ աշխատակիցների` գործարանին 579 միլիոն պարտք են և չեն տալիս, ցեմենտը տարել են, գումարը չեն տվել, դրա համար էլ գործարանը սնանկ է ճանաչվել։

«Վարչապետին դիմում ենք ներկայացրել, որը վերահասցեավորել են Էկոնոմիկայի նախարարություն, և Արդարադատության նախարարություն։ Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ դատական պրոցես է ընթանում, ուստի նախարարությունը ոչ մի լիազորություն չունի դրանով զբաղվի, իսկ Արդարադատության նախարարությունը մինչև հիմա ոչ մի պատասխան չի տվել։ Մենք ունենք սնանկության գործընթաց, բայց բոլորս աշխատանքի մեջ ենք։ Մի՞թե Հայաստանի Հանրապետությունը էն երկիրն է, որտեղ մարդը կարող Է 13 ամիս աշխատել ու աշխատավարձ չստանալ»,–ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծում են՝ գործարանի հումքը տեղական է, ուստի հումքի պակասը հիմնավորում չէ աշխատանքի դադարեցման համար։ Նրանք վստահ են՝ գործարանը կարող է շարունակել գործել, և այդ աշխատանքը կարևոր է ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ընտանիքների համար։

«Մենք ուղղակի խնդրում ենք էս ժողովրդի աշխատավարձի հարցը լուծեք և 2-րդ ասեք՝ ի՞նչ է լինելու էս գործարանի վերջը, մենք էլ ենք երեխա պահում, տուն պահում, դեմը ձմեռ է, իսկ Հրազդանի ձմեռը, Երևանի ձմեռը չէ, էստեղ ցուրտ է, կյանքը` դժվար»,–ասել է աշխատակիցներից մեկը։

Հրազդանի ցեմենտի գործարանը տարիների ընթացքում մի քանի սեփականատեր է փոխել։ Այն մասնավորեցվել է 2001 թվականին՝ դառնալով «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ, երբ այն ձեռք էր բերել հանգուցյալ Միխայիլ Բաղդասարովի «ՄԻԿԱ Արմենիա» ընկերությունը։ 2016 թվականին ընկերությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, իսկ արդեն 2017-ին սեփականատեր է դարձել «Հրազդանի ցեմենտ» կորպորացիան։ Գործարանի սնանկության գործընթացը մեկնարկել է 2022 թվականին։