AM
10 Նոյեմբեր 2025 - 13:27 AMT

Ղազախստանը պատրաստ է ամսական մինչև 20,000 տոննա ցորեն առաքել ՀՀ

Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հազար տոննա պարենային ցորեն առաքել Հայաստան։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի գյուղատնտեսության նախարարությունը։

Նախարարությունը նշել է, որ գերատեսչության ենթակայության տակ գործող «Պրոդկորպորացիան» բանակցություններ է վարում հայկական կողմի հետ, որը հետաքրքրված է ղազախական ցորենի կայուն մատակարարումներով։ Ընկերությունը հավելել է, որ ապագայում դեպի Երևան արտահանման ծավալները կարող են ավելանալ, հայտնում է Sputnik Արմենիան։

Անցած շաբաթ Ղազախստանն առաջին անգամ Հայաստանի անկախությունից ի վեր իր ցորենն ուղարկել է ՀՀ՝ Ադրբեջանով անցնող տարանցիկ ճանապարհով։ 15 վագոններից բաղկացած գնացքը, որը տեղափոխել է հազար տոննա ցորեն, անցել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով և հասել Հայաստան։