AM
10 Նոյեմբեր 2025 - 14:48 AMT

2025-ին բեռնափոխադրումների ծավալը ՀՀ–ում աճել է 1.6%-ով

Ըստ ՀՀ ՀՀ վիճակագրական կոմիտեի, Հայաստանում 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումների համախառն ծավալը 1.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նշված ժամանակահատվածում տեղափոխվել է 12 մլն 263.3 հազար տոննա բեռ, որից միայն սեպտեմբերին՝ 1 մլն 642.7 հազար տոննա։ Սեպտեմբերյան ցուցանիշն օգոստոսի համեմատ աճել է 3.9 տոկոսով, իսկ 2024 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 4.5 տոկոսով, գրում է Արմենպրեսը։

Երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումները այս տարվա ինը ամսում կազմել են 1 մլն 207.2 հազար տոննա՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 15.7 տոկոսով։ Սեպտեմբերին այդ ծավալը կազմել է 160.2 հազար տոննա՝ օգոստոսին գրանցված ցուցանիշից ցածր 2.8 տոկոսով, սակայն գերազանցել է նախորդ տարվա սեպտեմբերյան ցուցանիշը 5.4 տոկոսով։

Նշված ժամանակահատվածում երկաթուղային արտահանման ծավալը կազմել է 273.6 հազար տոննա, ինչը 6.6 տոկոսով գերազանցել է 2024 թվականի նույն ցուցանիշը։ Սեպտեմբերին արտահանվել է 36.7 հազար տոննա։ Ներկրումը երկաթգծով կազմել է 587 հազար տոննա՝ մեկ տարվա ընթացքում աճելով 10.4 տոկոսով, որից 77.5 հազարը տեղափոխվել է սեպտեմբերին։ Ներհանրապետական բեռնափոխադրումները երկաթուղային ճանապարհով աճել են 35.8 տոկոսով՝ կազմելով 346.6 հազար տոննա, սեպտեմբերին՝ 46 հազար տոննա։

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումները կազմել են 9 մլն 701.3 հազար տոննա՝ 0.5 տոկոսով ավել 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեպտեմբերին այդ ծավալը կազմել է 1 մլն 371 հազար տոննա՝ օգոստոսից 5.7 և նախորդ տարվա սեպտեմբերից 5 տոկոսով ավելի։ Սակայն արտահանման ծավալը այս ճանապարհով նվազել է 11.7 տոկոսով՝ կազմելով 616.7 հազար տոննա, որոնցից 78.8 հազարը՝ սեպտեմբերին։ Ներկրումը կազմել է 3 մլն 298.8 հազար տոննա՝ 7.9 տոկոսով ավելի, որից 424.9 հազարը՝ սեպտեմբերին։ Ներհանրապետական բեռնափոխադրումները ավտոտրանսպորտով նվազել են 1.8 տոկոսով՝ կազմելով 5 մլն 785.8 հազար տոննա, սեպտեմբերին՝ 867.3 հազար։

Օդային տրանսպորտով բեռների տեղափոխումը 2025 թվականի առաջին ինը ամիսներին հասել է 28.9 հազար տոննայի՝ մեկ տարվա կտրվածքով աճելով 3.2 տոկոսով։ Սեպտեմբերին ցուցանիշը կազմել է 3.8 հազար տոննա՝ օգոստոսի համեմատ 15.2 տոկոսով ավել, սակայն նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 7.3 տոկոսով պակաս։ Արտահանումը այս եղանակով նվազել է 1.3 տոկոսով՝ կազմելով 15.2 հազար տոննա, սեպտեմբերին՝ 2.2 հազար։ Ներկրումն աճել է 8.7 տոկոսով՝ հասնելով 13.7 հազար տոննայի, սեպտեմբերին՝ 1.6 հազար։

Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով տեղափոխված բեռների ծավալը 2025-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 1 մլն 325.9 հազար տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1.8 տոկոսով։ Սեպտեմբերին այդ ճանապարհով տեղափոխվել է 107.7 հազար տոննա։